Կոմունիզմի մահվան տեսիլքներ

Կարեն Օհանյան

Կոմունիզմի մահվան տեսիլքներ

Արվեստագետ Կարեն Օհանյանը այժմ բնակվում է Գյումրիի ծայրամասում, որտեղից բացվում է տպավորիչ տեսարան։ Կանաչ դաշտ է, հեռվում երևում են երկու արտադրական շինություն և ծխնելույզ: Տան կողքին բնադրվել են արագիլները, երևի միակ զույգը քաղաքում։ Համարյա հովվերգական պեյզաժ, որը սակայն արվեստագետի մոտ արթնացրել է այլ տրամադրություններ: Այն կարելի բնութագրել իբրև հեղափոխական մելանխոլիա։

Ամեն մի արտիստական երևակայության մեջ բացահայտ կամ անբացահայտ մելանխոլիա կա, քանզի չկա երևակայություն առանց կորստի, իսկ Կարեն Օհանյանի այս շարքի շատ գործերում ներկա է մելանխոլիայի խամրած արևը, որը լուսավորում է իրականության ավերակները։ Մայրամուտ, Արևմուտք գնացող արևը, որը արվեստագետի համար կարևոր կոնցեպտ է։

Երկու ժանր է գերիշխում նրա այս նոր շարքում՝ պեյզաժը և նատյուրմոտը։ Բայց այս երկու ավանդական ժանրերը ստացել են անսպասելի, նորարար և տպավորիչ մեկնաբանություն։ Գործերը բացահայտ կամ անբացահայտ իմաստային երկու շերտ ունեն․ առաջին շերտը բնությունն է, երկրորդը՝ քաղաքական բովանդակություն ունի։ Կարեն Օհանյանի շարքի բովանդակությունը ոչ միայն բնությունն է կամ նատյուրմորտներում պատկերված ծաղիկների հմայքը, այլ նաև կոմունիզմի մահը և պատերազմը։

Իր գործերում նա կոմունիզմի մահվան և պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ և մետաֆորներ։ Հաճախ նրա գործերին հատուկ է կոնցեպտուալ արվեստի զուսպ գեղագիտությունը, որը հնարավորություն է տալիս դիտարկել շարքը իբրև գեղանկարչական ինստալիացիա։

Կոմունիզմը մեռել է, բայց կա Հոլանդիան, որի դրոշը ներկա է համարյա բոլոր նկարներում։ Հոլանդիայի գաղափարը հակադրված է կոմունիզմի մեռած գաղափարին։ Հոլանդիան արվեստագետի համար խաղաղության, երջանկության թեթևության և ազատության խորհրդանիշն է։ Այդպես պետք է հասկանալ այն գործը, որտեղ հեղինակը պատկերել է իրեն, ձեռքում հոլանդական դրոշով փուչիկներ։ Մեկ ուրիշ աշխատանքում, արվեստագետը լեռան վրա կտավի վրա նկարում է Հոլանդիայի դրոշը, իսկ ներքևի մասում՝ թունավոր կանաչ ֆոնի վրա բռնություն և պատերազմը պատկերող լուսանկարչական հավելվածներ են։

Կոմունիզմի հետքերը Հայաստանում, հատկապես Գյումրիում, ամենուր են, սովորաբար դրանք ավերակ արտադրական շենքերն են, մեր համարյա ապաարդյունաբերականացված երկրում։ Օհանյանի բազմաթիվ գործերում կրկնվող երկու արտադրական շենքերը և ծխնելույզը, ոչ միայն բնապատկերի կարևոր տարրերից են, այլ նաև խորհրդանշում են խորհրդային անցյալը։ Այդ միտքը՝ կոմունիզմի մահվան գաղափարը անմիջականորեն մարմնավորված է «Բանվորների արձանը» գործում, որտեղ պատկերված է Գյումրի֊Ջաջուռ ճանապարհին տեղադրված, այժմ համարյա ավերակ արձանախումբը։ Կոմունիզմի մահը դա աշխատանքի մահն է։

Համանման, Ալեն Բադյուն խոսելով «կոմունիզմի մահվան» մասին, այն կապում է «մենքի» անհետացման հետ՝ «կոմունայի փիլիսոփայությունը դատապարտված է մեռնելու ներկայացնողի մեջ»։ Մեկ այլ տեղ նա գրում է․ «Սա նշանակում է, որ կոմունիզմի մահը դառնում է Աստծո երկրորդ մահը, բայց արդեն պատմության թագավորության մեջ»։ «Կոմունիզմի մահը», ինչպես անցյալ դարում նիցշեական «Աստծո մահը» այժմ կարևորագույն փիլիսոփայական խնդիրներից է։ Կարեն Օհանյանի մոտեցումը ևս փիլիսոփայական է։

Արվեստագետի մեկ այլ նկարում պայմանական պեյզաժ է, իսկ ներքևի շարքում հայտնի հեղափոխականների դիմանկարներն են, որոնց մեջ կարելի է գուշակել նաև արվեստագետի դիմագծերը։ Կարեն Օհանյանը ձախ հեղափոխական հայացքներ ունի, ինչպես արվեստում, այնպես էլ՝ քաղաքականությունում։ Նա բնավորությամբ բուռն և հախուռն է, ինչպես շատ հեղափոխականներ, բայց նրան բնորոշ է նաև մելանխոլիան, անհասկանալի և իզուր տխրությունը, որը հատուկ է պոետներին։

Արվեստագետը իրեն պատկերել է բազմաթիվ գործերում, կարծես ասելով, ես ոչ միայն տեսնում եմ այն ինչ պատկերում եմ, ես ներկա եմ ներսում։ Դա նրա գործերին տալիս է հավելայլ էկզիստենցիալ ապրում և պերֆոմատիվություն։ Կոմունիզմի մահը, պատերազմները, մարդկային տառապանքները նաև իր սեփական ապրումներն են, ոչ միայն իրականության նկարագրություն, նրանք անցկացված են ոչ միայն արվեստագետի աչքերի միջով, այլ ողջ մարմնի։

Ծաղիկները հաճախ նման են մարդկային աչքերի։ Նրանք ևս տեսնում են և զգում մեզ շրջապատող իրականությունը։ Նատյուրմորտներից մեկում ծաղիկների վրա այրվածքի հետքեր են, իսկ արմատների տեղում խոռոչ է կտավի վրա։ Մյուսում դաշտային ծաղիկներ են, մանրանկաչական թռչուններ, որոնց հավելված է լուսանկար, որտեղ ցուցարարը պահում է պաստառ՝ «միակ լավ կոմունիստը, մեռած կոմունիստն է»։ Արվեստագտը չունի hակակոմունիստական հայացքներ, այն արձանագրում է այն փաստը, որ այդ խոսքերը մարգարեական եղան՝ կոմունիզմը իսկապես մեռած է։ Եվս մեկ համարյա աննկատելի դետալ․ ծաղիկներից մեկի վրա մեռած մեղվի ապլիկկացիան է, մեռած աշխատավորի ևս մեկ խորհրդանիշ։

Շարքի ամենամեծ և ըստ իս, ամենատպավորիչ կտավը «Արագիլներն» են։ Խանձված հասկեր, արագիլի բույն և արագիլների թռչող զույգ փոխանցում են պատերազմի առհավիրքը։ Սև սպիտակ քաղաքական բնույթի լուսանկարները միանշանակ է դարձնում արվեստագետի ուղերձը։

Կոմունիզմը չգիտեր, ի տարբերության կրոնի, թե ինչ անել մահվան հետ։ Այս շփոթության լավագույն հուշարձանը դամբարանն է, որտեղ Լենինի մարմինը շարունակում է Լենինի գործն այսօր։ Կոմունիզմը նույնիսկ չէր պատկերացնում սեփական մահը։

Ցուցահանդեսի տեղը ևս խորհրդանշական է՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը։ Նա ոչ միայն հայտնի խորհրդային քանդակագործ էր, այլև նրան էր վստահված կոմունիստական առաջնորդների մահվան դիմակը հանելու գործը։ Սա հենց այն տեղն է, որտեղ կարելի է խորհրդածել կոմունիզմի մահվան և մեր հետկոմունիստական իրականության մասին։

Որպես գեղանկարչական ինստալիացիայի կարևոր մաս, որպես շարքի քաղաքական և գոյաբանական իմաստի լրացում արվեստագետը ցանկացել է, որ լինի նաև Սերգեյ Մերկուրովի Լենինի մահվան դիմակը։ Այն վկայում է․ այ՛ո, կոմունիզմը մեռած է, իսկ պատերազմները անվերջ։

Կարեն Օհանյանի արվեստը սուբյեկտի պայքարն է խորհրդանշական փլուզման հետ, նույնացվող «կոմունիզմի մահվան», պատերազմների բերած խեղման հետ: Նրա արվեստը չի փորձում հաղթահարել հոգեկան և բարոյական տառապանքի ներքին և արտաքին պատճառները, բայց այն ընդունակ է իր հանդիսատեսին տանել կատարսիսի ուղիով։

Վարդան Ջալոյան