Ուտօպիա թե դիստօպիա

Կամ

Նոր ժամանակների առաջին հարցադրումը

(Կարեն Օհանյան և «Սևան»)

Աշոտ Փաշինյան


Կարեն Օհանյանի Սևան կտավաշարը արվեստի տարբեր ժամանակների ծանրագույն առաքելությունները կրող և արձանագրող բացառիկ շարքերից է: Վերահաստատելով արվեստագետին որպես մեծ մտավորական, նկարչի այս կտավաշարը նոր իրողությունների և նոր ժամանակների կարևորագույն հարցադրումների արձանագրումն է: Կարծես տասնամյակներ մոռացված արվեստի մոնումենտը վերջնականապես վերականգնված է, և նկարչությունը ասես տասնամյակներ տկար լինելուց հետո նորից կանգուն է իր ամբողջ մեծությամբ: Այս հեղափոխությունը այլևս իրողություն է, և մենք նոր ժամանակների ցավը և նաև դրանից բխող հակադրությունը՝ ուտօպիական տեսլականը, մեր ոգում կրողներս կարիք չունենք արձանագրումների կամ հոդվածների: Բայց հաշվի առնելով արվեստի և արվեստաբանության տօտալ ճահճացած վիճակը շատ կարևոր ենք համարում ձևակերպել և դրանով ևս մեկ անգամ արձանագրել այս նոր ժամանակների լուսաբացը: Էս դեպքում կարող եմ հպարտորեն ասել, որ այս գիրը գրվում է նոր ժամանակների առաջնամարտիկների անունից, ովքեր տևական ժամանակ նպատակաուղղված լինելով այսօր - ը սարքել մի նոր ապագայի սկիզբ, այսօր արդեն ունեն հենարան ի դեմս Կարեն Օհանյանի, նոր իրողությունները արձանագրելու, և վստահորեն նոր ժամանակների առաջնամարտիկներ իրենց կոչելու համար: Այս առումով Սևան ցուցադրությունը բացառիկ է . Այստեղ երկակարծություն այլևս չի կարող լինել և հենց դրա արդյունքում մենք համարձակորեն ասում ենք, որ այլևս եկել են նոր ժամանակներ, մենք ապրում ենք նոր իրողություններում որոնք շարադրված են այս գրում:


Սկզբում, հասկանանք Կարեն Օհանյանին, դիտարկելով Սևան շարքը որպես նրա նկարչական մեզ հայտնի կենսագրության տրամաբանական շարունակություն: Նկարչությունը որպես տեսողական արվեստ, և դրանով լինելով ուտօպիական տեսլականի ձևավորման կարևորագույն գործիքներից մեկը, կարծես տևական ժամանակ արժեզրկված է եղել և արդեն տասնամյակներ մերժելով հասարակություն - համակարգ ներդաշնակության հավանականությունը մինիմալիզացվել է վերածվելով անձնական կամ անհատական ցավերի կամ խնդիրների սփոփման, ինքնախաբեությունների ձևավորման մի ինստիտուտի: Իհարկե արդարության համար պետք է նշել որ վերջին ժամանակներում արվեստի աշխարհում մի նոր ալիքի ձևավորման ճիչեր են հնչում ի դեմս տարբեր անհատների, ովքեր հասնելով այս ինստիտուտի կողմից ընդունվածության մի կետի, խոսում են գույնի, գծի, ֆորմայի՝ էսթետիկայի լեզվով, փորձելով նպաստել համամարդկային արժեքների վերակառուցման գործընթացին, դրանով գոնե փոքր ինչ վերականգնելով արվեստը, որպես համամարդկային մտածողությունների արձանագրման հարթակ կամ էսպես ասած արտադրամաս: Սակայն մենք կարծում ենք, որ մեր կողմից շատ գնահատելի այդ արվեստագետների փորձերը մնում են որպես երազանք, և մեզ են հասնում որպես անլսելի ճիչ, այս համակարգի կառուցած անդունդից: Դա իհարկե հետևանք է նրանց հետագծի, կամ հանդուրժողական վերաբերմունքի, արձանագրված այդ անընդունելի իրողությունների հանդեպ: Իհարկե երկար կարելի է խոսել մեր քույրերից և եղբայրներից, ցույց տալով նրանց կարևորությունը մեր համար: Սակայն այս գիրը մեր անձնականությամբ չարժեզրկելու համար, պետք է եզրափակել այս թեման, ասելով՝ մենք ձեր հետ ենք, և երջանիկ կլինենք ձեզ մեր հետ տեսնելու, նոր ստեղծված իրողությունների և ստեղծվելիք ինստիտուտների համատեքստում:


Ի վերջո ինչով է կարևոր Կարեն Օհանյանը:

Մերժելով արվեստի ներկայիս աշխարհին հայտնի ինստիտուտները և արժեհամակարգերը, Կարեն Օհանյանը ասես ստեղծել է իր նկարչական ես - ը հարաբերվելով միայն վերածննդով սկսած և ավանտ - գարդով ավարտված ժամանակների հետ, իր վրա կրելով այդ ժամանակների և շատ կարևոր է շեշտել, որ միա՛յն այդ ժամանակների կարևորագույն հեղափոխությունների արժեքները, նկարիչը ստեղծել է նկարչական մի հետագիծ որը չի կարող որևիցե կետում ընդունելի չլինել արվեստի դասականության տեսանկյունից: Ձերբազատվելով ես - ից, և իր մեջ կրելով համամարդկային արժեքները և անկեղծությունները Կարեն Օհանյանի նախնական շրջաններում կարելի է տեսնել մեր ժամանակներում հասարակության համամարդկային ցավերի կարևորագույն արձանագրումներ: Մերժելով ես - ի իրականությունը նկարիչը արձանագրել է, որ դարերով կառուցված իրականությունները իրավունք չունեն մեռած լինելու, որ դրանք ապրում են, առաջինը հենց իր ոգում: Իհարկե շատ կարևոր է նաև այդ ցավերի համատեքստը, որը ի տարբերություն ժամանակակից արվեստի համընդհանուր մոտեցման նյութական և աշխարհիկ չեն, այլ էսթետիկ և զգացմունքային: Ի վերջո պետք է արձանագրել որ նյութականությունը կարևոր է միայն որպես կենսական կարիքների ապահովման միջոց, դրանից դուրս բոլոր հարցերը ի վերջո էսթետիկայի, գույնի, գծի և ֆորմայի մասին են: Հասարակության մեջ առկա, հասարակ խնդիրները անհատ - անհատ, անհատ - հասարակություն կամ անհատ - համակարգ հարաբերություններում, որոնք ժամանակակից արվեստի հիմնական թեմաներն են, միայն մտածողության արատավորության հետևանք են, և արվեստագետը խոսելով դրանցից որպես խնդիր այլ ոչ հետևանք, լինելով առաջնամարտիկ ուտօպիա - հակաուտօպիա պայքարում, խեղաթյուրում է մեր իրական՝ մեծ խնդիրները, դրանց հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելով, և դրանց վերաբերվելով որպես անշրջելի իրողություններ:


Բաժանելով մասերի կարող ենք ասել, որ նկարիչը մինչ օրս առանձնանում է երեք շրջանով: Վաղ շրջանում խնդիրները արձանագրելով նկարչական էսթետիկ մտածողության ողջ մոնումենտով, նա նաև կառուցել է մտածողության հարթակ, որը անշուշտ մարդ - աստված փոխհարաբերությունները և համեմատությունը կրող նկարչական վեհությունն է: Էսպիսով նրա երկրորդ շրջանը, արդեն իսկ այս հարթակում երազանքի, ուտօպիական էսթետիկայի կառուցման կամ ավլեի ճիշտ կլինի ասել նախկինում, տարբեր ժամանակների կառուցած երազանքների եզրափակման փուլ է: Այս համատեքստում հայտնի է նրա  « Իրական Ուտօպիաներ »  կտավաշարը: Էսպիսով նկարիչը խոսելով հասարակության մարդ - բնություն, մարդ - աստված հարաբերությունների խնդիրներից, արձանագրելով մտածողության իր համար ընդունելի և ճշմարիտ հարթակը, շարունակում է իր ուղղին, խոսելով այդ նույն հարթակից՝ ճշմարտության համատեքստից, երազանքի մասին: Իհարկե սա շատ կարևոր է, հաշվի առնելով երազանք - մարդ հարաբերությունների ռեգրես վերջին ժամանակներում: Կառուցողական ուտօպիանիզմի տեսանկյունից, Կարեն Օհանյանի նկարչական հետագիծը պարզ սակայն անասելի պռոդուկտիվ է: Դա կարելի է հասկանալ խնդիր - երազանք - լուծում բանաձևով: Իհարկե շատ կարևոր է հասկանալ, որ այս դեպքում լուծումը ոչ միայն վերջում է, այլ եղել է հենց ամենասկզբից, հենց դրանով է աստվածային նկարչական վեհությունը, էսթետիկ անկեղծությունը, էսթետիկ մտածողությունը, քանզի լուծված են բոլոր հարցերը էնտեղ որտեղ ճանաչում ենք մեր անկեղծությունը: Այս առումով նկարչի հետագիծը լօկ նյութական դրսևորումն է, և ժամանակ, կյանք, մարմին նյութականության մեջ, ասելիք, խոսք, ընկալում նյութականության մեջ այս արձանագրումները միայն հնարավոր են հերթով, կետ առ կետ: Սակայն մեծության և ճշմարտացիության գագաթնակետը հենց Կարեն Օհանյանի օգտագործած բանաձևում է, լուծման հարթակից խոսալ թե խնդրի, թե երազանքի, թե լուծման մասին: Կարևոր է հասկանալ, որ լուծումը մեկ տեղում է, էսթետիկ ճանաչողության, զգացմունքային անկեղծության հարթակում, և Կարեն Օհանյանի շրջանները կառուցողական առումով կետ առ կետ ճանաչելի են դարձնում այս ճշմարտությունը:


Եւ Կարեն Օհանյանի վերջին շրջանը, Սևան շարքով ի վերջո այս գրի կարևորագույն և հիմնական մասը:

Կարևոր է նշելը, որ ի տարբերություն առաջին երկու շրջանների, երրորդը նոր ժամանակների վերջնական արձանագրումն է, և իրենով նոր հեղափոխական երկարաժամկետ ցիկլի սկիզբ: Էսպիսով այն առանձնանում է առաջին երկուսից ոչ միայն որպես շրջան, այլ նաև շրջան բառի ընկալման և ծավալայինության տեսանկյունից:


Կարեն Օհանյանի այս շրջանը այլևս փնտրտուք չէ, այլևս ճշմարտության հասկանալիություն ձևավորող կամ ապացուցող չէ, այն արձանագրում է, այլևս երկմտանք չէ, այլ իրողություն, համարձակ և վերջնական դիպված, ասելու, որ այո, էստեղ է ճշմարտությունը, էստեղ է ապագան, և այլևս մենք խոսում ենք ոչ թե ձեր ընկալման, այլ մեր անկեղծության հարթակից: Այս շրջանով հստակ արձանագրվում է, որ չկա ներկա, չկա անցյալ, չկա ապագա, կա մեկ բան ուտօպիա, որը այլևս անշրջելի է, անքննարկելի: Ի վերջո սկսվել են ժամանակներ որից բխում է միայն իդեալականը, արդեն անցել են տարակուսանքի ու փնտրտուքի, և եկել է վերջնական կառուցման, վերջնական դրախտի ձևաորման այս նոր ժամանակը:


Սևան կտավաշարը, անշուշտ դրախտ է, անշուշտ ուտօպիանիզմի բացարձակ դրսևորում: Կտավների գեղեցկությունը իրենց իդեալականաության մեջ: Այն լոկ էսթետիկ խոսակցություն է, որտեղ նկարիչը վերջնականորեն ապագայի աստվածության հետ է, ազատվելով արդի ժամանակներում հայտնի և դօմինանտ պրիմիտիվության, անհատականության, եսասիրական ինքնապաշտպանության իրականությունից: Ի վերջո նկարիչը խոսում է մարդ - էսթետիկա - աստվածայնություն հարաբերությունների բարձունքից, իր մտածողության հարթակը վերջնականորեն ազատելով մեր վրա ծանրացած քաոսից:


Բայց ի՞նչ է ասում նոր և արդեն իսկ միակ ճշմարիտ լեզվամտածողության այդ գիրը:


Միառժամանակ արձանագրելով ուտօպիաի անշրջելիությունը, կանխագուշակելով դրախտ անկախ ամենից, Կարեն Օհանյանը մի մեծ հարցադրում է անում, արդեն իսկ ոչ թե ուտօպիայի լինելիության կամ չլինելիության, այլ դրա ձևի վերաբերյալ:


Ի վերջո ընդունելով դրախտային այս աշխարհը որպես իդեալականություն, ճանաչելով անշրջելի ուտօպիանիզմը, արդյո՞ք սա է այն դրախտը որին ձգտում ենք: Առանց մարդ, առանց շունչ, առանց կյանք, դրախտ որտեղ մարդկային որևիցե գոյություն երկիծանքի դրսևորում կլիներ, դրախտ որը այնքան պինդ է կանգուն, որ ի վերջո ավելին է քան բնությունը, կամ մեր մարդկային ակունքների հիմնարարությունը: Դրախտ որտեղ մենք պարտվում ենք մեր իրողություններին, և պառանոյիկ մեր զգացմունքների արդյունքում հրաժարվում ինքներս մեզնից, մարդ - բնություն ճշմարիտ կապից: Արդյո՞ք սա է այն դրախտը, որին պատրաստ ենք համաձայնել, որի համար պատրաստ ենք առաջնամարտիկ լինել, կանգուն ու համարձակ, սա՞ է այդ իրականությունը, սա՞ որտեղ հրաժարվում ենք մեր գոյության սկզբնաղբյուրից բխող երջանկության մեր տեսլականից, մեր ամենաանկեղծ երազանքներից:


Սա հարցադրում է ապագայի, և ներկայի, սա կարծես հետևանքն է այն ապագայի որ մենք կառուցում ենք մեր արդի իրողություններով: Արդյո՞ք շարունակելու ենք չդիմակայել ցավին, չսիրել, չհարգել, չընդունել միմիանց, արդյոք ընտրել ենք ինքնախաբեության այս հեշտ ուղղին, որտեղ խաբված ենք ինքներս մեր կողմից, որտեղ կեղծ է մեր անկեղծությունը, որտեղ նախընտրում ենք հրաժարվել սիրուց, ցավից խուսափելու համար, թե գուցե պատրաստ ենք ցավի միջով անցնել, պայքարել, չհրաժարվել ինքներս մեզնից, մեր գոյության հիմքերից, մարդ - բնություն կապի գեղեցկությունից: Արդյո՞ք արդեն պարտվել ենք, արդյոք համարում ենք մեզ պարտված ու գերեվարված այս քաոսի կողմից, արդյոք տրվում ենք համամարդկային այս թուլամորթությանը, քանդել, քանդել գեղեցկությունը, քանդել այն իրողությունը որը մեզ իրական դրախտ է խոստանում, փոխարենը կառուցելով պատրանք, քանդելով ամենը շարժվելով դեպի առաջին, ամենահասարակ ու հեշտ, սառը անզգացմունք այս դրախտին:


Կարեն Օհանյանի բարձրացնելով այս կարևորագույն հարցադրումը, միառժամանակ պատասխանել է դրան, այս սյուռեալ դրախտային լանդշաֆտներում, մեզ չթողնելով ուրիշ տարբերակ քան հրաժարվելը, մեր իրականությունից, հանդարտ ցույց տալով այն ուղին որով պետք է լողանք էսթետիկ այս տեսլականում, ի վերջո հրաժարվելով իր վերջին կտավին տրամաբանական ավարտ տալուց, դրանով իսկ հակադրվելով այս իրողությանը, դրանով իսկ արձանագրելով իր հավատը, չհանձնվելու որոշումը:


Բարձրացված հարցերը ունեն մեկ պատասխան՝ ոչ, սա չէ այդ դրախտը, բայց անշուշտ էս հարթակում է մեր սխալները ուղղելու միակ հնարավորությունը: Այլևս էստեղ են մեր խնդիրները, և էստեղ պետք է գտնել լուծումները նույնպես: Արդի մարդուն հատուկ կարճաժամկետ փոփոխությունների պարզ մտածողությունը այլևս անարդյունավետ է, ներկան այլևս այն է ինչ կա, և ի վերջո մեր բոլոր հարցերը ապագայի հետ են:


Կարեն Օհանյանը հայտարարել է պայքար, պատերազմ իր այս կտավաշարով: Դա ավելի ակնհայտ է դառնում  « Սևեան »- ին հաջորդող դիմանկարների շարքի հատկապես երկու գործով՝  « Ինքնադիմանկար մոլբերտի առաջ »  և  « Երազողի դանակը »  դիմանկարով: Ի վերջո այս երկու գործերը ասում են, որ մենք ընդունում ենք մարտահրավերը, և գնում դեպի հաղթանակներ, քանզի էնտեղ որտեղ դուք մեզ էսպիսի դրախտ եք խոսք տալիս, մենք շրջում ենք այն, քանդում, և կանգնում մեր դիրքերում, մոլբերտի առաջ բռունցքով և դրոշակով, կամ հեղափոխական կարմիր աստղը մեր կրծքավանդակին, դանակով, պայքարի վճռականությամբ, ու հաղթանակի ժպիտով, առանց բռնության, որովհետև բռունցքը ի վերջո էսթետիկ իրականության՝ նկարչության հետ է, բռունցք ինքներս մեր դեմ, մեր ցասման, մեր սեփական իրողության, մեր ես- ի, մեր պարտության, հայելու, ինքնադիմանկարի, որտեղ մեր ու մեր պայքարն է, և իհարկե որովհետև մեր դանակը ծակող չէ, մեր դանակը նուրբ, հացի, պանրի ու կարագի, վատագույն դեպքում ապտակի դանակ է:


Մենք արձանագրում ենք պայքար, շարժում, դեպի հոգի - մարդ - բնություն հարաբերություններում հիմքային ներդաշնակությամբ ուտօպիական իրականություն: Մենք արձանագրում ենք որ մենք առաջնամարտիկի համամարդկային բեռը մեր վրա վերցնելով, պատրաստ ենք երջանկությամբ կիսել այն բոլորիդ հետ, դրանով հենց արձանագրելով մեր գալիք հաղթանակները:


Վիվա Ռեվալուցիա!